ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

«Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին առաջնագծում կանգնած զինվորի ձեռքում է»

«Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին  առաջնագծում կանգնած զինվորի ձեռքում է»
08.12.2017 | 01:36

Չնայած Հայաստանի իշխող մեծամասնության ներկայացուցիչները պնդում են, որ ԵՄ-ի հետ ստորագրված շրջանակային համաձայնագրում ղարաբաղյան հակամարտությանն առնչվող փոքր պարբերությունը հայանպաստ ձևակերպում է ստացել, սակայն Ղարաբաղում, այդուհանդերձ, մտահոգություններ կան: «Իրատեսի» հետ զրույցում ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արզիկ Մխիթարյանն ասել էր. «Տարածքային ամբողջականությունն ու ազգերի ինքնորոշումն առաջին հայացքից իրարամերժ են թվում, գուցե ինչ-որ խորամանկություն կա այս երկու կետերի միջև: Կարծես մեկն ամրագրվել է հօգուտ Ադրբեջանի, մյուսը` Ղարաբաղի»: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում փարատեց այս մտահոգությունը:

-Պարոն Թորոսյան, Դուք խորամանկություն տեսնու՞մ եք ԵՄ փաստաթղթում ամրագրված տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների միջև: Հնարավո՞ր է երկակի մեկնաբանությունների առիթ դառնա այս ձևակերպումը:
-Երկակի մեկնաբանությունների առիթ չեմ տեսնում: Մեր արտաքին քաղաքականությունն էլ է առաջնորդվում այն թեզով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ ազգերի ինքնորոշման իրավունք, տարածքային ամբողջականություն և ուժի չկիրառում: Սրանք մեկը մյուսին երբեք չեն հակադրվում: Տարածքային ամբողջականության խնդիրն առաջանում է, երբ պետություններից մեկը մյուսի տարածքների նկատմամբ ոտնձգություն է անում, այսինքն՝ ագրեսիա: Երկիրը հարձակվել է երկրի վրա, տարածքներ է օկուպացրել, որի հետևանքների վերացումն էլ տարածքային ամբողջականության սկզբունքի կիրառմամբ է լինում: Ղարաբաղյան հակամարտության մեջ տարածքային ամբողջականությունն ընդհանրապես կապ չունի: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի մաս չի եղել, 1921 թ. հուլիսի 9-ին ՌԿ¥բ¤Կ քաղբյուրոյի ապօրինի և Ստալինի կամայական որոշմամբ է Արցախը համարվել Ադրբեջանի մաս` հաշվի առնելով բոլշևիկյան Ռուսաստանի տարածաշրջանային ինչ-ինչ շահերը: Այսպիսով, Արցախն ինքնավար մարզի կարգավիճակով 1923-ին բռնակցվել է Ադրբեջանին: Երբ 1988-ին սկսվեց ղարաբաղյան շարժումը, Արցախը 1989-ին որոշում կայացրեց անջատվել Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունից և վերամիավորվել Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությանը: Ադրբեջանը ԽՍՀՄ իշխանությունների աջակցությամբ բռնություններ սկսեց կիրառել դեյուրե իր իսկ քաղաքացիների` Ղարաբաղի հայերի նկատմամբ, և ղարաբաղցիները ստիպված եղան դիմելու ինքնապաշտպանության: Այսինքն, ֆիզիկական գոյությունն ապահովելու խնդիր էին լուծում: Եթե դիտարկենք 1988-ի, 1989-ի Սումգայիթի, Բաքվի ջարդերը, ապա ակնհայտ է դառնում, որ Ղարաբաղի հայությունը դիմել է իր ֆիզիկական գոյությունը երաշխավորող գործողությունների, որոնց տրամաբանական շարունակությունն էր ինքնորոշման իրավունքի պնդումը: Սա ֆիզիկական գոյությունն ապահովելու բացառապես միակ ճանապարհն է:
-Ասել է` այս փաստաթղթում ամրագրված տարածքային ամբողջականությունը չի՞ հակադրվում ազգերի ինքնորոշման սկզբունքին:
-Դրանց միջև հակասություն չկա: Միջազգային իրավունքի այդ երկու հանրահայտ սկզբունքներն իրար չեն հակադրվում: Կոնկրետ այս դեպքում` առավել ևս: Իսկ ինչ վերաբերում է այն կարծիքին, թե խորամանկություն կա, կարծում եմ, սա արցախյան հիմնախնդրի կարգավորման հնարավորություն ստեղծելու մի ճանապարհ է: Եթե այդ սկզբունքները չեն հակադրվում, ազգերի ինքնորոշման սկզբունքն առաջնային է դառնում, քանի որ տարածքային ամբողջականության պահպանման խնդիր իսկապես չկա:
-Փաստորեն, այսուհետ ԵՄ-ը ևս իր վերահսկողության տիրույթում է պահելու հակամարտությունը: Սա ի՞նչ է խոստանում, ի՞նչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
-ԵՄ-ը ջանքեր պետք է գործադրի միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների հիման վրա հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով կարգավորելու ուղղությամբ:
-Ինչպիսի՞ն էր անցնող տարին ղարաբաղյան հակամարտության գործընթացում:
-Մենք ունենք մի պատկեր, որն առանձնապես լավատեսություն չի ներշնչում: Ադրբեջանը պարբերաբար խախտեց Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները և մերժեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկները` նպաստելու կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Սակայն Ադրբեջանը հրաժարվեց նախորդ տարվա ագրեսիվ վարքագծից, նվազեցին սահմանային միջադեպերը: Սա վկայում է այն մասին, որ նրանց համար ապրիլյան հակահարվածը եղել է սառը ցնցուղ, հասկացան, որ ուժի կիրառումը չարդարացված քաղաքականություն է: Օրերս Արցախում զորավարժությունների անցկացումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայկական զույգ հանրապետությունների զինուժն ի զորու է ոչ միայն կոշտ հակահարված տալու թշնամու ոտնձգություններին, այլև անմիջապես իրականացնելու հարձակողական գործողություններ և ոչնչացնելու թշնամուն իր իսկ դիրքերում: Ելնելով այս իրավիճակից՝ Ադրբեջանի ռազմական հռետորաբանությունն իր նպատակին չհասավ, և ուժի կիրառման սպառնալիքով համեմված նրա արցախյան քաղաքականությունը ձախողվեց:
-Թուրքիայի ղեկավարը հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծել միայն Մոսկվան: Ի՞նչ եք կարծում, իրո՞ք Ռուսաստանի ձեռքում է արցախյան հակամարտության լուծման բանալին:
-Ղարաբաղյան հակամարտության լուծման բանալին առաջնագծում կանգնած զինվորի ձեռքում է և մեր փառապանծ սպաների: Եթե 2016-ի ապրիլին մեր բանակը չկասեցներ Ադրբեջանին, կմտածեի, որ աշխարհաքաղաքական շահերի բախումների հետևանքով այս կամ այն ուժային կենտրոնը կարգավորում է հակամարտությունը, բայց մեր բանակն ապացուցեց, որ հակամարտության կարգավորումն իր ձեռքում է:
-Թուրքիան մշտապես փորձում է մաս կազմել հիմնախնդրի կարգավորման գործում` չմոռանալով նշել, որ Հայաստանն օկուպացրել է Ադրբեջանի տարածքները: Վերջին շրջանում հակամարտությանը միջամտելու նրա բոլոր փորձերը Մոսկվան կտրուկ կասեցնում է: Այդուհանդերձ, հնարավո՞ր է, որ Թուրքիան ևս կարգավորման կողմ դառնա:
-Ռուս-թուրքական թվացյալ մերձեցումը կարճաժամկետ էֆեկտ ունի: Հարավային Կովկասը մի կաթսա է, որտեղ սովորաբար երկու գլուխ չի եփվում:
-Թուրքիան հասկացա՞վ, որ իրեն հետ են շպրտում բանակցային գործընթացից:
-Նրան ոչ ոք առաջ չի էլ մղել: Մի պահ սկսեցին շահարկել Լավրովի այն հայտարարությունը, թե Ռուսաստանը դեմ չէ, որ Թուրքիան մասնակցի հակամարտության կարգավորմանը: Բայց կարգավորման մեկ ձևաչափ գոյություն ունի՝ ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որտեղ այլ երկիր չի կարող մտնել: Թուրքիան իր կողմնակալ վարքագծով որևէ հնարավորություն չունի հակամարտության կարգավորման մասնակից կողմ լինելու: Դա բացառված է: Օրը երեք անգամ Էրդողանը կամ թուրք այլ պաշտոնյաներ հայտարարում են, թե Ադրբեջանն իրենց կրտսեր գործընկերն է, և իրենք ամեն ինչ կանեն ղարաբաղյան հակամարտությունը հօգուտ Ադրբեջանի լուծելու ուղղությամբ: ՈՒստի, կրկնում եմ, Թուրքիան երբեք չի կարող հակամարտության լուծման կողմ լինել: Դա նման է այն հայտնի առածին, երբ աղվեսին հավանոցում պահակ են կարգում:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4830

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ